Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների հարձակումներն Իսրայելի տարածքի վրա ծանր հետևանքներ կունենան նրանց և Իրանի համար: Այս նախազգուշացումն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե հութիները շարունակեն հարվածել մեզ, ապա Իսրայելը նրանց լուրջ հարվածներ կհասցնի։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած առաքելության: Ես նաև զգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը, որ ֆինանսավորում, զինում և վերահսկում է հութիների ահաբեկչական կազմակերպությունը. պրոքսի առավարման համակարգն ավարտված է, և «չարիքի առանցքը» փլուզվել է, դուք (Իրանի ղեկավարությունը-Խմբ.) անմիջական պատասխանատվություն եք կրում (հութիների հարձակումների համար-Խմբ.)։ Այն, ինչ մենք Բեյրութում արեցինք «Հեզբոլլահ»-ի, Գազայում՝ ՀԱՄԱՍ-ի, Դամասկոսում՝ (Սիրիայի նախկին նախագահ Բաշար) Ասադի և Եմենում հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ Թեհրանում»,- գրել է Կացը X-ում:
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա վնասել Իսրայելին, իսկ ով մեզ վնասի, մեծ կորուստներ կունենա»,- շարունակել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Նա հավելել է, որ հրեական պետությունը «կարող է ինքնուրույն պաշտպանվել ցանկացած սպառնալիքից և ցանկացած թշնամուց»։
«Դա ճիշտ է եղել անցյալում բազմաթիվ մարտահրավերների ֆոնին և այդպես էլ կմնա ապագայում», - եզրափակել է Կացը: